Շոու Կապանի ճանապարհային ոստիկանապետի անվան շուրջ


Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի վեցերորդ վաշտի երկրորդ դասակի հրամանատար Անդրանիկ Շավոյանի (Կապանի ճանապարհային ոստիկանապետի) վերաբերյալ օրերս Youtube-ում հայտնված տեսանյութը քննարկումների առարկա էր դարձել, որը տարածվել էր նաեւ սոցիալական կայքերում, ինչպես նաեւ "Առավոտ" թերթի փետրվարի 21-ի ինտերնետային տարբերակում: Կատարվածի մասին հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով զրուցեցինք Անդրանիկ Շավոյանի հետ, ով 2011 թվականի դեկտեմբերի 15-ից աշխատում է Կապանի ճանապարհային ոստիկանության պետ:
-Քսաներկու տարի է, ինչ աշխատում եմ ճանապարհային ոստիկանությունում: Կապանում աշխատանքի անցնելու առաջին իսկ օրվանից ոլորտը լրջագույնս վերահսկել եմ, խստագույնս պատժել եմ բոլոր նրանց, ովքեր մինչ այդ ճարպկորեն խուսափել են պատժից: Փետրվարի 15-ին Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանից ստացա գրություն եւ գնացի քաղաքապետարան: Նախկինում երբեւէ չեմ եղել այնտեղ, դա իմ առաջին այցն էր: Նշեմ, որ տեղյակ չէի, որ այդտեղ մեքենա կայանելն արգելվում է, իսկ այդ վայրում ոչ մի նախազգուշացնող ցուցանակ չկար: Իմ քայլը լոկ չիմացության արդյունք էր, եւ դրանում ոչ մի կանխամտածված բան չի եղել ի սկզբանե: Իսկ նրանց, ովքեր իրենց քննարկումներում ինձ խուլիգան են անվանել, կարծում եմ, կարիք կա հիշեցնել, որ պետք չէ անպատասխանատու հայտարարություններ անել, - մեզ հետ զրույցում նշեց Անդրանիկ Շավոյանը:
Նրա բնորոշմամբ այդ լուսանկարները եւ տեսանյութը համացանցում տեղադրելը յուրօրինակ վրեժ էր բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր խստորեն տուգանվել կամ պատժվել են ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու, Կապանի փողոցներում կամայականություններ թույլ տալու համար:
Կապանցիների շրջանում աշխույժ շահարկվում էր նաեւ փաստը, թե ինչպես է, այնուամենայնիվ, հաջողվել ոստիկանապետին մեքենան հասցնել քաղաքապետարանի մուտքի մոտ, քանի որ առջեւի այգու մուտքը փակ է` մի կողմից պատնեշված է, իսկ մյուսով հնարավոր չէ անցնել առանց մայթը հատելու: Ըստ ոստիկանապետի` այդ օրը մայթն ամբողջովին ձյունածածկ է եղել, եւ ինքը չի նկատել, ու մեքենան հեշտությամբ անցել է: Հարկ է նշել նաեւ, որ այդ օրը ոստիկանապետը քաղաքապետարան է այցելել ՃՈ-ի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի հետ, ով նույնպես տեղացի չէ եւ Կապանում է ապրում ու աշխատում մեկ տարի: Թե հիշյալ տեսանյութն իրականում ով եւ ինչ նպատակով է տեղադրել համացանցում, կարելի է ենթադրություններ անել: Իրեն "Մաքսիմ Գալկին" հորջորջող օգտատերը, ով Youtube-ում տեղադրել էր եւ ով էլ, ըստ երեւույթին, լուսանկարների ու տեսանյութի հեղինակն է, փետրվարի 21-ին ինչ-ինչ հանգամանքներից դրդված ջնջել է հիշյալ նյութերը:
Գիտե՞ք այս պատմության մեջ ինչն է տարօրինակ ու անհասկանալի, նաեւ` անընդունելի. կարեւորը թողած, կրկին ընկել ենք անկարեւոր բաների hետեւից, մի՞թե Հայաստանում, Սյունիքում, Կապանում ավելի լուրջ, ավելի ծանրակշիռ ու մտահոգիչ թեմաներ չկան, որի շուրջ հասարակությունը կարող է ակտիվ քննարկումներ ծավալել: Իհարկե, դա էլ կարեւոր էր ու դատապարտելի` ճանապարհային ոստիկանապետն է հրապարակավ խախտել երթեւեկության կանոնները, բայց անհրաժեշտ էր գոնե ճշտել հանգամանքները եւ նոր միայն հանրությանը ներկայացնել: Այլապես շոուի պես մի բան ստացվեց, որին չարժե նույնիսկ լուրջ վերաբերվել:
Աղավնի Նավասարդյան

Комментариев нет:

Отправить комментарий

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...