<Լուսին եւ վեցպենսանոցը> մի նկարչի մասին
պատմություն է, ով 40-ամյա հասակում լքում է կնոջն ու երեխաներին, թողնում
բոսայում իր աշխատանքն ու մեկնում է Փարիզ նկարչություն սովորելու: Վերջում նա
մեկնում է Թաիթի որտեղ վարակվում է բորոտությամբ եւ կուրանալով մահանում: Մահից
առաջ նա իր տան պատերին նկարում է մի պաննո, որն էլ համարում է իր կյանքի գործը,
ինչը չանել չէր կարող: Վեպի հիմքը նկարիչ Գոգենի որոշ կենսագրական տվյալներ են,
այսինքն հիմքում իրական պատմություն է ընկած: Սակայն կերտելով իր հերոսի`
Սթրիքլենդի կերպարը նա նպատակ չունի ներկայացնել Գոգեն նկարչի կենսագրությունն ու
մարդկային կերպարը, ինչպես Անդրե Մորուան է անում իր հերոսների` Հյուգոյի,
Բայրոնի, Դյումաների եւ այլոց դեպքում, այլ Մոեմը հիմք ընդունելով կենսագրական
իրողություններն ու փաստերը ստեղծել է մի վեպ, որտեղ առաջ է քաշում ստեղծագործական
որոշ հարցեր: Սրանում է կայանում <Լուսին եւ վեցպենսանոց> վեպի ինքնատիպությունը
որպես գրական ստեղծագործություն: Մոեմը այստեղ բարձրացնում է որոշ հարցեր, բայց
դրանց պատասխանները չի տալիս նա զարմանալիորեն հասել է այն արդյունքին, որ
կարդացողն ինքն է գտնում այդ պատասխանը, յուրաքանչյուրն իր մեջ է փնտրում իր ապրած
կյանքը աչքի առաջ ունենալով վերլուծում իրողությունը: Նկարիչը, ով մահվանից հետո
դառնում է հայտնի, իսկ նրա նկարները, որ կենդանության օրերին արժեք չունեին եւ
նույնիսկ վանում էին իրենց գունեղությամբ արվեստի գլուխգործոցներ են համարվում,
բավականին ձանձրալի եւ անհետաքրքիր մարդ էր, ոչ մի բանով չէր արտահայտվում նրա
սերը արվեստի նկատմամբ, նա չունի ընկերներ, թշնամիներ, նույնիսկ անտարբեր է իր
կողմից լքված երեխաների ճակատագրի մասին: Կերտելով նրա կերպարը Մոեմը զարգացնում է այն գաղափարը, որ տաղանդավոր մարդը, նկարիչը
կարող է լինել վատ մարդ: Վեպում Սթրիքլենդը արհամարում եւ ստորացնում է միակ
մարդուն` նկարիչ Դիրկ Սթրյովին, ով կենդանության ժամանակ նկատում է իր տաղանդը,
նկարների հանճարեղությունը, ով հիվանդության օրերին իր հարկի տակ ընդունում եւ խնամում
է իրեն: Դիպուկ նկարագրելով իր գլխավոր հերոսին Մոեմը նշում է. <Որպես հաղթող
նա անտանելի էր, իսկ որպես պարտվող` հիանալի>:
Մոեմը սկեպտիկ է, անգլիական գրականության մեջ
նրան ընդունված է համարել այսպես ասած story teller: Գեղարվեստական
ստեղծագործությունները բնութագրելու երկու տերմին գոյություն ունի աբգլիական գրականության մեջ a writer` գրող,
լուրջ գրքեր ստեղծող եւ story teller` պատմություն պատմող: Սա իհարկե պետք է
վերապահումով ընդունել, քանի դեռ որեւէ լուրջ, հիմնավոր խոսք չի ասվել այս առիթով:
Իմ խորին համոզմամբ Մոեմը նախեւառաջ մեծ գրող է / writer/, ապա նաեւ` փիլիսոփա:
Մի գուցե Մոեմին story teller համարողները այդպես են մտածում այդ
փաստի վրա, որ օրինակ <Լուսին եւ վեցպենսանոցում> հիմնական կերպարներից
մեկը` պատմողը երիտասարդ, բայց խոստումնալից ապագայով գրողն է, որը պատմում է
նկարչի պատմությունը հանդես գալով միայն որպես ականատես եւ մասնակից: Միգուցե այս
պատմողական ոճն է, որ թյուրիմացության մեջ է գցում ընթերցողին, ինչպես նաեւ
անգլիական գրականագիտությանը, երբ գրող Մոեմը դառնում է teller:
<Լուսին եւ վեցպենսանոց> վեպում Մոեմը
որոշակիորեն խոսում է գրողի դերի մասին: <Գրողը ավելի շատ կոչված է իմանալու,
քան դատելու>, - ասում է նա: Ըստ նրա գրողը կարող է եւ պետք է լինի. <ամեն
ինչ, բայց ոչ դատավոր>:
<Լուսին եւ վեցպենսանոց>-ը
վեպ-հետազոտություն է ստեղծագործող-մարդու մասին, որտեղ ցայտուն երեւում է
մարդ-անհատի եւ մարդ-ստեղծագործող-հանճարի տարբերությունները: Այս երկու
հասկացությունները Մոեմը միմյանցից տարանջատում է: Նա հերոսների, պատմող-հեղինակի
միջոցով ներկայացնում է իր դիտարկումները, սիրո, մարդու, կնոջ, տղամարդու,
գեղեցիկի մասին, բայցեւ միեւնույն ժամանակ մտածելու եւ եզրակացություններ անելու
տեղ է թողնում, ուղղորդում է, բայց հարցի պատասխանը չի տալիս:
ՍԵՐԸ
<Սերը թուլություն է>, - ասում է Մոեմը
<Լուսին եւ վեցպենսանոցում>, բայց ըստ նրա սերը դեռ ամեն ինչ չէ. <Սերը
կյանքի միայն աննշան կողմն է>: Սերը բնութագրելիս ասում է. <Սերը ամենակուլ
զգացմունք է, որ զրկում է մարդուն ինքնուրույնությունից եւ նույնիսկ
ամենախորաթափանց մարդը, չնայած գիտե, որ այդպես էլ կլինի, իրականում չի կարող
պատկերացնել, որ կանցնի իր սերը>: Մոեմը սերը դիպուկ այսպես է բնորոշում,
բայցեւ այն դասում է եսասիրական զգացմունքների շարքը. <Գթասրտություն կա սիրո
մեջ, սիրած էակին պաշտպանելու ցանկություն, բարիք գործելու, հաճույք պատճաեռլու ձգտում
եւ եթե սերը անձնազոհություն չէ, ապա բոլոր դեպքերում հիանալիորեն քողարկված
եսասիրություն է, սակայն որոշակի երկչոտություն էլ կա սիրո մեջ>: Նա գլխավոր
հերոսի բերանով նշում է, որ ինքը մարմնական սիրո կողմանկից է: <Ես ընդունում եմ
սեռական ցանկությունը, այն բնական է ու առողջ, իսկ սերը հիվանդություն է>, -
ասում է հանճարեղ նկարիչը:
Մոեմը <Լուսին եւ վեցպենսանոց>-ում
տարանջատում է սերը, ըստ նրա կինը ու տղամարդը նույն կերպ չեն սիրում. <Սիրո
մեջ տղամարդու եւ կնոջ տարբերություը կայանում է նրանում, որ կինը ամբողւ օրն է
սիրում, իսկ տղամարդը` երբեմն>: Կնոջ
սերը ավելի քան ամբողջությամբ տիրանալու ցանկություն է, իր թուլությունը դրանով
ծածկելու ինքնահաստատման միջոց. <Երբ կինը սիրում է ձեզ չի բավարարվում մինչեւ
չտիրանա ձեր հոգուն: Նա թույլ է եւ դրա համար էլ կրքոտորեն լիիշխանության է
ձգտում, պակասի համաձայն չէ>:
Միեւնույն ժամանակ վեպում պատկերված է ավելի ազատասեր տղամարդու կերպարը,
հեղինակը այս անգամ նկարչի շուրթերով փիլիսոփայում է. <Տղամարդու հոգին սլանում
է տիեզերքի ամենաբարձր ոլորտները, իսկ կինը աշխատում է հաշվեմատյանի շրջանակներում
պահել նրան>: Նա ներկայացնում է, թե
ինչ կործանարար ազդեցություն կարող է ունենալ սերը, ցույց է տալիս ինչպես սիրո
փրկող, այնպես էլ կործանիչ ազդեցությունը. <Սերը մարդուն դարձնում է, ավելին
քան նա կա, եւ միաժամանակ փոքր-ինչ պակաս>: Սիրող մարդը զուրկ է
ինքնուրույնությունից` <Մարդը դադարում է իրեն հավատարիմ լինելուց, այլեւս
անհատ չէ, այլ առարկա իր <ես>-ին օտար նպատակի հասնելու գործիք>: Սիրող
մարդկանց նա համեմատում է շղթայված ստրուկների հետ, մարդը սիրելով զրկվում է իր
ազատությունից. <…սիրով տարված մարդիկ կույր ու խուլ են դառնում ամեն ինչի
նկատմամբ աշխարհում, բացի իրենց սիրուց: Նրանք նույնքան են իրենց պատկանում, որքան
թիարանի նստարաններին շղթայված ստրուկներ>: Վեպում նույնիսկ մատնանշում է, թե
ինչպես սիրող մարդը ստորանում է, կորցնում ինքնասիրությունը. <Վերջապես չի
կարելի այդքան փալաս լինել>, - կտրուկ եզրակացնում է գրողը: Սիրելու դեպքում
մարդը գիտակցում է, որ ապրում է ցնորական աշխարհում եւ պատրանքների է հավատում,
իրականությունը գիտակցականորեն մերժելով. <Սերը պատրանքով է պարուրում մարմինը
եւ մարդը հասկանալով, որ դա պատրանք է, այնուամենայնիվ այն ավելի է սիրում, քան
իրականությունը>: <Սիրուն միշտ էլ հատուկ է, որոշակի
սենտիմենտալությունը>:
ՄԱՐԴԸ
Մարդուն բնութագրող առաջին հատկանիշը Մոեմը <Լուսին եւ
վեցպենսանոց>-ում առաջնահերթ համարում է աշխատանքը. <Մարդն իր աշխատանքով է
երեւում: Աշխարհիկ հարաբերություններում նա ցուցադրում է իրեն այնպես, ինչպես
ցանկանում է երեւալ, եւ նրա մասին ճիշտ գաղափար կարող ենք կազմել միայն նրա
մանր-մունր ու չգիտակցված արարքներով>: Մարդն ունակ է դիմակավորվելու,
կեղծելու, իսկ երբեմն մարդն ինքն ուզենալով երեւալ այդպիսին ակամայից դառնում է.
<Այս կամ այն դիմակն ընդունելով, երբեմն մարդն այնպես վարվում դրան, որ իրոք
դառնում է այն, ինչ սկզբում ցանկանում էր երեւալ>:
<Գուցե գիտակցաբար, բայց ուրիշների վրա
ունեցած մեր իշխանությունը մենք չափում ենք նրանով, թե ինչպես են նրանք
վերաբերվում իրենց մասին ունեցած մեր կարծիքին, եւ սկսում ենք ատել նրանց, ովքեր
չեն ենթարկվում մեր ազդեցությանը>, - նշում է նա:
Բախտախնդիր մարդկանց մասին, նա այսպիսի կարծիք է
արտահայտում. <Սխալվում են, երբ ասում են, թե ինչ որ ցանես, այն էլ կհնձես:
Կյանքի փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի
փորձանք բերեն գլխներին, բայց հետո ինչ-որ ձեւով հաջողացնում են խուսափել իրենց
խելացնորության հետեւանքներից>:
ԳԵՂԵՑԻԿԸ
Գեղեցիկի մասին Մոեմի խոսքերը մեջբերում եմ
առանց մեկնաբանության. <Մարդիկ թեթեւամտորեն են խոսում գեղեցկության մասին եւ
այդ բառը այնքան անփութորեն են օգտագործում, որ այն կորցնում է իր արժեքը, եւ
առարկան, որ պետք է արտահայտեր, անջատելով իր անունը հարյուրավոր սովորական
հասկացություններից, կորցնում է իր արժեքը: Նրանք <գեղեցիկ> են կոչում
շրջազգեստը, շանը, քարոզը, եւ երբ երես առ երես հանդիպում են Գեղեցկությանը չեն
կարողանում ճանաճել այն> :
ԱՂԱՎՆԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հ.Գ. Եթե չեք կարդացել Սոմերսեթ Մոեմի
<Լուսին եւ վեցպենսանոցը>, ապա` շտապեք, իսկ եթե կարդացել եք` մեկնաբանեք:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалитьԿարդալով Վեպից ստացած ձեր տպավորություններն ու առանձնացրած մտքերը նորից համոզվեցի որ կարևոր չէ թե ինչ է գրված գրքում, միևնույն է ամեն մեկը իր ձևով է հասկանում: Ես կարդալուց լռիվ ուրիշ տողեր էր առանձնացրել, սովորություն ունեմ գրել ինձ դուր եկած ֆրազները, որովհետև համարում եմ, որ ափսոս է որ էջը թերթես ու կորչի, հիմնականում չեմ կարդում ինչ որ գրել եմ, ուղակի եթե գիտեմ որ մի տեղ գրել եմ ու էլ երբեք չեմ մոռանա: Մարդկային հարաբերություներին վերաբերվող մի քանի տող. «Կան մարդիկ, որոնց կիծքի վրա այնքան արցունք է թափվել, որ ես չէի համարձակվի թրջել և իմով»_Հաճելի է կաթ խմելը, հատկապես բրենդիով, բայց կաթից ազատվելը միայն ուրախություն է պատճառում կովին»
ОтветитьУдалитьՀ.Գ. Շատ լավ գրառում էր շնորհակալություն: Ու ձեր գրած տողերն էլ կավելացնեմ իմ գրառումներում:
УдалитьԳիրքը կարդացել էի դպրոցական տարիքում ու տպավորվել էր, բայց ոչ այքան խորությամբ, այն ժամանակ այս տողերը չէի հասկացել, բայց հիմա մի տեսակ գերվել եմ Մոեմով; Ձեր դուրս գրած տողերը եւս հավանեցի, շնորհակալ եմ, հիմա այնքան եմ փոշմանում, որ շատ գրքեր կարդացել ու նոթեր չեմ արել: Երջանիկ է այն մարդը, ով կյանքի այս խելահեղ ընթացքի մեջ կարողանաում է կարդալ: Ոչ մի այլ հաճույք չեմ կարող համամատել այն բավականության հետ, ինչը զգում եմ գրքի թերթերը շրջելուց ու տողերը ագահաբար կլանելու հետ:
Удалить