<Անավարտ մենախոսություն>. Արմո Մկրտչյան

Տարիներ առաջ էր, երբ ծանոթացա Արմո Մկրտչյանի հետ:

Իր տեսակի մեջ եզակի մարդ էր, խորաթափանց ու հեռատես: Յուրաքանչյու իրավիճակի համար մի խորհուրդ ուներ, նրա գիրը դարմանող էր, գրքերում մարդկային ճակտագրեր են, ամենախոր ու նվիրական զգացմունքներ, փիլիսոփայական մեկնաբանություններ: Մեր վերջին զրույցի ժամանակ` մահվանից օրեր առաջ, ասաց. <Երկար տեւեց այս դադարը, այս մեկը` չորրորդը /գիրքը/, ավելի լավն է լինելու, կրկին գրելու եմ, դու ինձ պետք է օգնես համակարգչային շարվածքի եւ սրբագրության հարցում>:





 Խոստացա որ կօգնեմ ու  անհամբեր սպասում էի ,  թե երբ պետք է գրի, որ  մուտքագրեմ ու 
ագահությամբ կարդամ, ինչպես մյուս երեք   գրքերն եմ կարդացել: Բայց մեր այս խոսակցությունից 
ամիս էլ չէր անցել, երբ լսեցի նրա մահվան բոթը: Կորուստը անդառնալի էր, նրա մահով կորցրեցի ոչ 
միայն մեծ ընկեր-խորհրդատուի, բարեկամի,  այլեւ մեծ ուսուցչի, ով կարդալով մի քանի 
բանաստեղծություններ, որ գրել էի ուսանողության տարիներին  ասաց. 
<Նույն երգը մանկան բերանից այլ կերպ է հնչում ջահելի բերանից` այլ, ծերունի բերանից այլ կերպ: 
Նույն երգն առավոտյան այլ կերպ է հնչում, կեսօրին` այլ, երեկոյան այլ կերպ,
Նույն երգը հովտում այլ կերպ է հնչում, ստորոտում` այլ, գգաթում այլ կերպ:
Քո երգ-բանաստեղծություններում ես լսում եմ այդ բոլոր ձայների գամման: 
Զարմացած եմ եւ հիացած: Այդպես, շատ քչերին է տրվում: 
Արեւշատություն եմ մաղթում ժամանակից շատ շուտ կորովցած,
 իմաստնացած, նաեւ վշտիվ կքած քո սրտին /08.08. 10/.> : 

Ցավոք, նա ցհասցրեց գրել չորրորդ գիրքը, դրանից միայն այս հատվածը է հասել մեզ:

ԱՆԱՎԱՐՏ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՏՎԱԾ ԱՆՏԻՊ ԳՐՔԻՑ


Ավտոբուսի մեջ կինը մտածում է. «Վերնագիրը պարտավորեցնող է։ Տեսնես ի՞նչ կա նրա տակ»: 
Տանը ոչ ոք չկար։ Խորքի սենյակներից մեկում բացեց առաջին էջը։ Մենակ դա է հիշում։ 
Մնացածը կախարդանք էր, որ իրեն տանում էր, հուզմունք էր, որ տակն ու վրա էր անում, 
տառապանք էր, որ աչքերից դառը մշուշ էր քամում, ցավ էր, որին ճանաչում էր, անկեղծություն էր,
 որին հավատում էր, կորուստներ, որից մարդ խենթանալ կարող է, շուռ եկած ճակատագիր` 
քսան տարվա ապաշխարանք, գերմարդկային համբերություն, դառը հիշողության սուր-սայր 
պատառիկների անվերջ դաղոց, եւ այդ բոլորի վերջում` երեք օրվա` քսան տարի սպասված
 գերհզոր մի սեր....
Անհնար է պատկերել մի մարդու, ով այս ամենի բովով անցած ու անաղարտ մնացած լինի, 
ով մարդու դեմ չարացած չլինի, ով ճակատագրի գլխին անզորությունից բռունցքի հայհոյանք 
թափած չլինի...
Անհնար է։ Չեմ հավատում։ Թեպետ վառ օրինակը դեմս էր։ Ո՞վ ես դու, եթե ոչ Նիցշեի նշած 
ճանապարհով անցած մեկը. «Բարձրագույն զգացումների տեւականությունն է ստեղծում
 բարձրագույն մարդկանց»: Հե՜յ, բարձրագո՛ւյն մարդ, դու լսո՞ւմ ես ինձ, հիմա ի՞նչ ես 
անում, շունչդ պահած կուչ ես եկել սպասումի մեջ, խոհերիդ հետ կռի՞վ ես անում, թե վայ թե 
ընթերցողը չհասկանա, չհավատա, վայ թե ծիծաղի, թե քեզնից ի՞նչ գրող, մանկավարժն էլ է քեզ շատ...
Կուչ մի՛ եկ, լսո՞ւմ ես, ի՞նչ ծիծաղել, աչքերս ուռել են արտասվելուց, տառապանքդ ճանաչեցի.
նախանձեցի տառապանքիդ` ամենամեծ հարստությանդ, որը չի գնվում, չի բաժանվում, 
չի կողոպտվում։
...Ի՞նչ են մարդու արտաքինը, նրա պահվածքը, որ որոշեն` ով է նրանց տակ թաքնված...
Ի՞նչ գաղտնիք է ճնշում սիրտդ, ի՞նչ տառապանքից է ձուլված հոգիդ։ Սովորականի պես
 հաճախում ես դպրոց, խոսում դպրոցական հոգսերից, բոլորի հետ ապրում, շնչում, բայց 
համայնքի մեջ մեն-մենակ ես, տառապանքիդ ու քսան տարվա չապրած կյանքիդ բեռի հետ` մենակ...
Ես նույնությամբ մեջբերում եմ մյուս երկու պատմվածքներիդ մասին իմ խոհերը։
«Հենց նոր ընթերցեցի մյուս երկու պատմվածքները։ Է՛լ ավելի մեծացավ զարմանքս.
Այս մարդու տաղանդը սահմաններ չունի։ Ի˜նչ զգայուն պատմվածք է. ի՞նչ հոգեբան 
պետք է լինի, որ հասկանա օտարված Զաբել մորաքրոջ ապրումները, խոսի նրա հոգու հետ, 
վերադարձնի նրան դեպի իր ակունքները, արթնացնի ներսում արյան կանչը...
Այս մարդը բժիշկ է, փրկարար... ինչպիսի˜ մեծ սեր դեպի մարդը։ Զարմանքս է՛լ ավելի մեծացավ, 
երբ բացեցի երրորդ գիրքը։
Ո՞վ կարող է թափանցել մարդկային հոգու խորքը, նրա գաղտնիքների մեջ, ո՞վ կհանի նրան 
մենությունից... Ամենեւին էլ իր մասին չէր, թեպետ ամբողջովին ապրված նյութ էր` շատ ավելի
 հոգեհարազատ, անկեղծ, համոզիչ, ինչպիսի՜ բարձրարժեք փիլիսոփայություն, 
եզրահանգումներ, առաջարկներ, ինչպիսի՜ մենախոսություն, որ կարող է մարդկային հոգու 
հիմն լինել` արժանի միայն բարձր հնչելու...
Ապշած էի... Եվ այս մեծ փիլիսոփան ընդամենը մի շատ սովորական դպրոցի սովորական 
տնօրեն է...
Ես այսօր տեսա նրա աչքերն առաջին անգամ... եւ հասկացա, որ մարդիկ կույր են։ 
Միշտ են կույր։ Չեն տեսնում հոգին։ Եվ այդ թերությունը ծածկելու համար է, որ 
արհամարհանքի հետեւում են պահվում, գոռոզամտության պատնեշ են կառուցում, 
իրենց չտեսնելը չնայելուն վերագրում։
Մի՛ արհամարհեք, մի՛ բարձրացրեք ձեր քթները ոչ մեկի առաջ։ Դուք դեռ չգիտեք` ով է ձեր
 առաջ կանգնածը` բարձրագո՞ւյն է, թե՞...
Ով էլ որ լինի, անընթեռնելի է։ Հոգու մեջ ցավեցնող գաղտնիքներ կունենա եւ գաղտնի 
ցավեր կունենա… ժպտացե՛ք ու անցե՛ք։ Ուղղակի մտածե՛ք, որ ժպիտը բոլորին է սազում 
եւ ամենքին է անհրաժեշտ…
Մարդ փորձում է բարդ երեւալ եւ իր առաջ կապանքներ է դնում եւ ամբողջ կյանքում 
պայքարում այդ կապանքների դեմ` փոխանակ ապրելու։ Նրա հանդեպ բարի եղե՛ք եւ
 կօգնեք թոթափելու ամեն կաշկանդող բան»։
Այս մարդը սովորեցնում է մարդ մնալ բոլոր ժամանակներում:
Ես հաճույքով իջա իմ սառը բարձունքներից նրա առաջարկած հովիտը եւ զգացի 
ինձ շատ ավելի թեթեւ, վերածնվեցի ինձ շատ ավելի հոգեհարազատ մարդու
 հոգեբանությամբ։

Նյութը տպագրվել է <Սյունյաց երկիր> թերթում

Комментариев нет:

Отправить комментарий

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...