Ողջույն բոլորին, այսօր գրառումս վերնագրում եմ <Տարօրինակ եւ անբացատրելի> պատմելու համար երեկվա իմ անկրկնելի օրվա մասին, որի ընթացքում արել եմ մի փոքրիկ բացահայում: Եթե Ձեզ հետաքրքրեց շարունակեք կարդալ, որովհետեւ պատմությունը իրական է եւ շատ հետաքրքրաշարժ:
Եթե ասեմ, որ երեկ եղել եմ Շվեցարիայում չեք հավատա: Բայց ես իսկապես եղել եմ մի փոքրիկ Շվեցարիայում, որ գտնվում է երկիր դրախտավայր Հայաստանում: Այո', այո' Հայաստանյան Շվեցարիայում: Եվ եթե անկեղծ կուզեք Շվեցարիան նույնիսկ իր անտառներով եւ բնությունով չի համեմատվի իմ տեսածի հետ:
Երեկ ես Շիկահողի արգելոցում էի եւ հարակից Ծավի անտառներում, որտեղ կան շատ հին բնակավայրեր, ինչպիսին է Մազրան, Կեմանցը, Ղափ Ջուղան: Այստեղով է անցել նշանավոր Մետաքսի ճանապարհը: Հիասքանչ բնություն, մաքուր լեռնային աղբյուրներ, պատմամշակութային կոթողներ այդ թվում` եկեղեցիներ, միջնադարյան կամուրջներ, գերեզմանաքարեր եւ բարձրադիր լեռներ: Կանգնած բարձունքում դիտում էի շուրջս, հեռվում վեր էր խոյանում Բաղաց լեռների Բաղացսար գագաթը, Ճգնավոր լեռը... Ներքեւում` ձորով հոսում էր Մազրա գետը, որ հետո խառնվում է Ծավ գետին եւ հոսում դեպի Շիկահողի արգելոց... Ինչպես կասեր ծանոթներիցս մեկը հրա~շք...
Եվ ահա մի տարօրինակ հադիպում...
Մազրա գյուղի, որն անբնակ է դեռուս 1930-ականներից երկու կանգուն տներից մեկում մարդ էր բնակվում: Երիտասարդ էր 35 տարեկանի մոտ: Մորուքով էր` չսափրված, խանձող արեւի տակ միայն փայլում էր ճակատը: Երեւում էր, որ երիտասարդ էր ու... անզիվ: Մեծ ճակատը դրա մասին էր վկայում: Առաջին հայացքից մտածեցի, որ խելացի է ու ազնիվ մարդ: Չգիտեմ ինչու: Հայտնեցինք, որ մենք լրագրողներ ենք, ուզում էինք ծանոթանալ զրուցել, հասկանալ եւ բացահայտել, հրաժարվեց...Շարժումները կտրուկ էին, նյարդայնացած էր, բայց հնարավորինս բարեհամբյուր կերպով մերժեց մեր զրուցելու առաջարկը, չլուսանկարեցի, չգիտեմ ինչու, ինքն էլ դեմ կլիներ...
<Չէ միգուցե հաջորդ անգամ>- ասաց եւ ներս մտավ:
Մեզ ուղեկցող մարդը հայտնեց, որ երիտասարդը արդեն 7 տարուց ավել ապրում է այդ անտառում` մենակ, չի շփվում ոչ մեկի հետ եւ չի խոսում: Հոգեբուժարանից եկել տարել են, պարզվել է, որ առողջ է: Բժշկական համալսարանն է ավարտել, ասպիրանտուրայում է սովորել: Թե ինչն է, ստիպել երիտասարդ, համալսարանը կարմիր դիպլոմով ավարտած բժշկին հեռանալ իր հարազատներից ապրել ամեն ինչից հեռու, պարզել հնարավոր չէ, քաղաքում տարբեր վարկածներ են շրջանառվում: Բայց սա կարծում եմ, որ բոլորս էլ հոգու խորքում հասկանում ենք...
Շատ էի ուզում զրուցել երիտասարդի հետ, ոչ որպես լրագրող, այլ որպես մարդ, ուզում էի օգնել, հասկանալ, նեցուկ լինել: Ուզում էի... բայց չստացվեց: Ամբողջ օրը երիտասարդը մտքիցս դուրս չեկավ, ինչ-որ հարազատ բան կար նրա բաց-ազնիվ ճակատի մեջ...
Չգիտեմ, թե երբեւէ էլի կտեսնեմ այդ տղային կամ լսեմ նրա մասին, բայց չգիտես ինչու ինձ տեսա նրա մեջ, երբեմն ես էլ լինելով շատ մարդկանց մեջ ձգտում եմ դեպի ինչ-որ անհասկանալի հեռուներ, ինչ-որ անմարդաբնակ, բոլորից հեռու բնություն,,,
Հանկարծ մտքովս անցավ վերջերս գրված իմ մի բանաստեղծություն, որ ներկայացնում եմ ձեզ,,,
Գնամ, փարվեմ մեր լեռների ժայռոտ ուսին
Մութ ձորերում մենակ, անտես ես թափառեմ,
Անսանձ քամուն օրոր ասեմ
Եվ ժայռափոր մեր վանքերում լուռ աղոթեմ:
Թփուտներին ընկեր լինեմ
Ու ծաղկունքին վշտերս լամ
Տունս լինի քարե անձավ
Բարձս հողե, ներքնակս հարդ
Արցունքսխառնեմ խոխոջուն առվին,
Իմ մենության մեջ էլ քեզ չկանչեմ,
Էլ հարված չզգամ թիկունքիսկարկամ
Մարդկանցից հեռու երգերս հյուսեմ…
ԱՂԱՎՆԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий