Իսկ սա արդեն լուրջ լրագրային ոլորտում...

Հացի խնդիր. ուտե՞լ, թե՞ չուտել
Սյունիքում հացամթերքի գնային, որակային տարբերությունների` առեղծվածային դարձած հարցի շուրջ, կարծես, արդեն խոսակցությունները դադարել են: Եվ քանի որ մարզում գործող որոշ լրատվամիջոցներ իրենց գլխավոր նպատակն են համարում "սենսացիաներ" հրապարակելը, այլ ոչ թե առաջնային լուծում պահանջող խնդիրների վերհանումը, ու, կարեւորը թողած, ընկել են անկարեւորի հետեւից, փորձեցինք պարզել, թե արդյո՞ք ոլորտում կատարված դրական փոփոխություններն են պատճառը, որ հացի գնի, որակի, սանիտարահիգիենիկ նորմերի հետ կապված խոսակցությունները դադարել են:

Պարզվում է` վերջին շրջանում էական ոչ մի փոփոխություն չի կատարվել, ինչպես առաջ, հիմա էլ հացը վաճառվում է առանց փաթեթավորման, քաշի, գնի, տեսակի, արտադրողի անվանումն արտացոլող պիտակների, վաճառող-վաճառողուհիները չեն հագնում համապատասխան համազգեստ, չկա նաեւ ոչ մի փաստաթուղթ, որ թույլ կտա որոշակի պատկերացում կազմել բաղադրության, հավելումների, խոնավության մասին: ՀՀ սննդամթերքի անվտանգության մասին օրենքի համաձայն սպառողը` սնունդ օգտագործելու նպատակով սննդամթերք ձեռքբերող ֆիզիկական անձը, իրավունք ունի պահանջելու փաստաթուղթ, որը պատկերացում կտա վերոհիշյալ որակների մասին, որ սննդամթերքի հետ կապված գործառնությունները պետք է իրականացվեն սանիտարական կանոններին եւ հիգիենիկ նորմերին համապատասխանող պայմաններում: Սննդամթերքի արտադրման եւ իրացման համար հատկացվող տարածքները պետք է կառուցվեն, կահավորվեն, վերանորոգվեն, պահպանվեն եւ օգտագործվեն այնպես, որ այնտեղ տարբեր գործառնությունների ենթարկվող սննդամթերքը քաղաքացիների կյանքի եւ առողջության համար լինի անվտանգ: Ինչպես նաեւ նույն օրենքի իններորդ հոդվածի համաձայն ՀՀ-ում սննդամթերք արտադրող, վերամշակող, փաթեթավորող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պարտավոր է այն մակնշել հայերենով: Մակնիշը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները` ա) իրացվող սննդամթերքի անվանումը, զտաքաշը կամ ծավալը, եթե սննդամթերքը փաթեթավորված է. բ) սննդային հավելումների ցանկը. գ) արտադրության տարեթիվը, պիտանելիության ժամկետը. դ) սննդամթերքի օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող պատշաճորեն օգտագործվել (հատկապես բուժիչ, դիետիկ, մանկական սննդամթերք), առանձնահատուկ հանձնարարականներ դրա պահպանման եւ օգտագործման մասին:
Այդպիսի սննդամթերքի ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը. ե) տվյալներ արտադրողի մասին. զ) սննդամթերքի ծագման երկիրը. է) ոգելից խմիչքներում ալկոհոլի պարունակության տոկոսը. ը) սննդային եւ էներգետիկ արժեքը. թ) գծային ծածկագիրը. ժ) նորմատիվ փաստաթղթերով սահմանված այլ տեղեկատվություն:
Սակայն ամեն անգամ ինչ-որ անբացատրելի ծուլությամբ կամ թե անհոգությամբ չենք պահանջում ոչ մի փաստաթուղթ: Ի վերջո, երբ շուրջ մեկ ամիս շարունակ առավոտյան հանդիպելով հաց առաքող մի մեքենայի եւ նրա կիսագիտակից աշխատողին, ով ամեն անգամ կրծքին սեղմած, առանց ձեռնոցի` բաց ձեռքերով հացը մեքենայից մինչեւ խանութ է տանում, եւ տեսնելով մեքենայի փոշոտ հատակին դրված հացի արկղերը` դադարեցի հարակից խանութից հաց գնել: Սակայն ինչ օգուտ, մյուս խանութներում էլ նույն վիճակն էր: Ամբողջ Կապանում, բացառությամբ մեկ-երկու սուպերմարկետի, սննդամթերքի` մասնավորապես հացի հիգիենան գտնվում է բարձիթողի վիճակում: Իհարկե, հիմա կասեք, չէ որ գոյություն կունենա ինչ-որ մարմին, որ կատարում է ոլորտի վերահսկողությունը: Մարզում գործում է "Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն" ՊՈԱԿ-ը (պետ` Կամո Սարգսյան), ում հավուր պատշաճի ընթերցողին ենք ներկայացրել "Սյունյաց երկրի" 2011 թվականի №15-ում: Բայցեւ աչքի անցկացնելով սույն ՊՈԱԿ-ի գործառույթները, չգտանք այնտեղ որեւէ կետ, որ կվերաբերեր սննդի անվտանգությանն ու ոլորտի վերահսկմանը: Սակայն, եթե հիշյալ կառույցը չէր իրականացնելու այդ գործառույթը, ապա ինչո՞ւ է ՊՈԱԿ-ի անվանման մեջ տեղ գտել "Սննդամթերքի անվտանգություն" արտահայտությունը. տարօրինակ է ու անհասկանալի: Մեզ տված հարցազրույցում "Սյունիքի մարզային կենտրոն" ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Սարգսյանը ասել էր, թե "ճշտվում է մեր իրավունքների եւ պարտականությունների ցանկը, շուտով մենք դա կունենանք եւ ավելի ստույգ կկարողանանք խոսել սննդամթերքի անվտանգության ապահովման հարցի շուրջ": Մինչ այսօր, չնայած, տնօրենի լրջագույն հայտարարությանը, որեւէ փոփոխություն, գործառույթի ճշտում չեն եղել: Չնայած որ այն կազմավորվել է ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 30-ի №173-Ն որոշմամբ, այսինքն շուրջ մեկ տարի է, դեռ գործառույթների կայուն ցանկ չունի, այսինքն` շուրջ մեկ տարի Սյունիքում սննդի անվտանգության ոլորտը բարձիթողի վիճակում է եղել: Համենայն դեպս, մեկ տարին բավականին երկար ժամանակ է, որպեսզի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը պատկանող կառույցը հստակ ունենար սննդամթերքի անվտանգությանը վերաբերող գործառույթները: Իսկ ի՞նչ գործառույթներ է կատարում "Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոն" ՊՈԱԿ-ը (պետ` Էդգար Թոխսանց), արդյոք ունի՞ մասնաճյուղեր մարզի քաղաքներում, ո՞վքեր են դրանց ղեկավարները, ի՞նչ աշխատանքներ են իրականացնում վերջիններս: "Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնի" "Սյունիքի մարզային կենտրոն" ՊՈԱԿ-ի տնօրենի հետ զրույցից պարզ դարձավ, որ մարզի քաղաքներում կան այդպիսի կառույցներ եւ համապատասխան աշխատակիցներ: Որոշեցինք զրուցել նրանցից գոնե մեկի հետ, գոնե ինչ-որ տեղեկատվություն, մեզ հուզող որոշ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով: "Սյունիքի մարզային կենտրոն" ՊՈԱԿ-ի տնօրինությունից հեշտությամբ ձեռք բերեցինք կապանյան աշխատակցի հեռախոսահամարը եւ նրա ներկայությամբ զանգահարեցինք ոմն Արթուրի, ում ազգանունը դժվարացան մեզ հայտնել: Վերջինս պատշաճորեն պատասխանեց մեր հեռախոսազանգին եւ ցանկություն հայտնեց հանդիպել եւ պատասխանել մեր հարցերին, ինչպես նաեւ որպես Կապանի տարածաշրջանի պատասխանատու տրամադրել որոշակի տեղեկատվություն կատարված եւ կատարվելիք աշխատանքների մասին: Սակայն իրադարձությունները կտրուկ շրջադարձ ունեցան: Պարոն Արթուրը զանգահարեց եւ հայտնեց, որ շտապ աշխատանքային այցով Երեւան է մեկնում եւ հանդիպումը տեղափոխեց այլ օր: Սակայն իր իսկ նշած եւ հետագա օրերին նա կամ չէր պատասխանում զանգերին, կամ անջատում էր հեռախոսը: Հետաքրքիր է, թե ի՞նչը ստիպեց նրան փոխել կարծիքը, ինչո՞ւ էվոլյուցիայի ենթարկվեց նրա որոշումը, ինչո՞ւ որոշեց պահմտոցի խաղալ: Միով բանիվ` սննդամթերքի անվտանգության ոլորտում տիրող քաոսին հավելվում են նաեւ ոլորտի աշխատակիցների արտառոց պահվածքը, եւ դառնում է մի անհասկանալի շիլաշփոթ:
Այս ամենը դառնում է երկրորդական, երբ հերթը հասնում է ուտել-չուտելու խնդրին: Շատերը գերադասում են ուտել հին հաց, քանի որ այն պակաս վնասակար է, քան նորը: Փորձագետները զգուշացնում են, որ պոլիէթիլենով փաթեթավորված հացը վտանգավոր է առողջության համար եւ կարող է առաջացնել քաղցկեղ: Իսկ լավաշը ձեռք է բերել թափանցիկ, գերբարակ տեսք:
ԱՂԱՎՆԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ , Սյունյաց երկիր  

Комментариев нет:

Отправить комментарий

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...